ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13‐31։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17.16‐34։ Ա Յովհաննէս 2.1‐6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.24‐36։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 6.45‐56։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
13Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»։ 14Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեր վրայ»։ 15Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»։ 16Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. 17եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ։ 18Գիտեմ, – ասաց նա, – թէ ինչ պէտք է անեմ. կը քանդեմ իմ շտեմարանները եւ աւելի մեծերը կը շինեմ ու այնտեղ կը հաւաքեմ ցորենը եւ իմ ամբողջ բարիքները. 19ու ինքս ինձ կ՚ասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր»։ 20Աստուած նրան ասաց. «Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»։ 21Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կը հաւաքի եւ Աստուծով չի հարստանայ»։ 22Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու, 23որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը։ 24Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները։ 25Ձեզնից ո՞վ, հոգս անելով, կը կարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել։ 26Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում։ 27Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում։ Ասում եմ ձեզ՝ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց։ 28Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէ՛ս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր։ 29Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ի՛նչ էք ուտելու կամ ի՛նչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք, 30որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտռում են։ Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ։ 31Այլ դուք հետամո՛ւտ եղէք Աստծու արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կը տրուի ձեզ»։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
16Եւ մինչ Պօղոսը Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ։ 17Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ ամէն օր՝ ում որ հանդիպում էր։ 18Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք, ձեռ առնելով, վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թէ՝ «Երեւում է, որ ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանի որ նա Յիսուսին ու յարութիւնն էր աւետարանում։ 19Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես։ 20Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ դրանք ի՛նչ բաներ կը լինեն» 21(որովհետեւ աթենացիք բոլորը, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք)։ 22Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, 23քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն». ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ։ 24Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա՛ է Տէրը երկնքի եւ երկրի. 25նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր։ Նա՛ է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ։ 26Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27որ փնտռեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ, 28քանի որ նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք։ 29Եւ արդ, որովհետեւ Աստծու զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած։ 30Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի. 31քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»։ 32Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում. ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կը լսենք քեզնից այդ մասին»։ 33Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց։ 34Իսկ մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ։
Ա Յովհաննէս
2 Որդեակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպէսզի չմեղանչէք. իսկ եթէ մէկը մեղանչի, Աստծու առաջ բարեխօս ունենք Յիսուս Քրիստոսին՝ Արդարին եւ Անարատին. 2եւ նա՛ է քաւութիւնը մեր մեղքերի, եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ՝ ամբողջ աշխարհի։ 3Եթէ նրա պատուիրանները պահենք, դրանով իսկ գիտենք, թէ ճանաչեցինք նրան։ 4Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատուիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մէջ ճշմարտութիւն չկայ։ 5Իսկ ով պահում է նրա խօսքը, Աստծու սէրը նրա մէջ ճշմարտապէս կատարեալ է. եւ սրանով ենք ճանաչում, որ Նրա մէջ ենք։ 6Ով ասում է, թէ ինքը Նրա մէջ է բնակւում, պարտաւոր է այնպէս ընթանալ, ինչպէս որ Նա էր ընթանում։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
24Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղի՛ղ դատաստան արէք»։ 25Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել։ 26Իսկ ահաւասիկ բացայայտօրէն խօսում է, եւ դրան բան չեն ասում. գուցէ արդարեւ իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա՛ է Քրիստոսը։ 27Բայց մենք սրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»։ 28Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք։ 29Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա՛ ուղարկեց ինձ»։ 30Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել։ 31Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի անի, քան սա է անում»։ 32Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթմնջիւնները լսեցին. եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան։ 33Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց։ 34Ինձ կը փնտռէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 35Հրեայ առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնայ, որ մենք դրան չգտնենք. միթէ հեթանոսների մէջ ցրուած հրեաների՞ մօտ պիտի գնայ եւ հեթանոսների՞ն պիտի ուսուցանի։ 36Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց՝ կը փնտռէք ինձ եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
14 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2«Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»։ 3Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»։ 5Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում։ 6Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի։ 8Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ 9Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ։ 10Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ։ 11Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան։ Եւ սա տարաւ այն իր մօրը։ 12Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
45Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին։ 46Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր։ 47Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու։ 48Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ։ 49Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ։ 50Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, 51որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին։ Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք»։ 52Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց։ Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 53քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը։ 54Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան։ 55Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին։ 56Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է։