Материалы

Օգոստոսի 29 Բշ. ԳՁ. Սրբոյն Ստեփաննոսի Ուլնեցւոյն եւ սրբոց վկայիցն Գոհարինեայ, Ծամիդէսի, Տուքիկոսի եւ Ռատիկոսի

ԱՌԱԿՆԵՐ 10.1‐7։ ԵՍԱՅԻ 44.24‐26։ Եբրայեցիներ 4.11‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

ԱՌԱԿՆԵՐ

10 Իմաստուն որդին ուրախացնում է հօրը,անմիտ որդին տրտմութիւն է մօր համար։ 2Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից։ 3Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի։ 4Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան։ 5Խրատուած որդին իմաստուն կը լինի, իսկ անմիտը ծառայ կը դառնայ։ Իմաստուն որդին ազատւում է խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը։ 6Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը։ 7Արդարների յիշատակը մնալու է գոհաբանութեամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի։

ԵՍԱՅԻ

24Տէրը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից,այսպէս է ասում. «Ես եմ Տէրը, որ անում, կատարում եմ ամէն ինչ, միայնակ տարածեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը։ 25Էլ ո՞վ է, որ ի չիք դարձրեց վհուկների կախարդութիւնները եւ դիւթութիւնները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին յետ է դարձնում եւ նրանց խորհուրդները յիմարութեան վերածում, 26իր ծառաների խօսքերն է հաստատում եւ արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ե՛ս եմ, որ ասում եմ Երուսաղէմին, թէ՝ բնակելի՛ դարձիր, եւ Հրէաստանի քաղաքներին, թէ՝ վերստի՛ն կառուցուեցէք. եւ ես պիտի վերականգնեմ նրանց աւերակները։

Եբրայեցիներ

11որովհետեւ, ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից, ինչպէս Աստուած էլ հանգստացաւ իր գործերից։ 12Ջանանք, ուրեմն, մտնել այդ հանգստի մէջ, որպէսզի որեւէ մէկը նոյնօրինակ անհնազանդութեան մէջ չընկնի։ 13Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։ 14Եւ նրա առաջ չկայ անտեսանելի արարած, այլ ամէն ինչ պարզ ու յստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խօսքերը։ 15Ուրեմն, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Յիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դաւանած հաւատը.

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

5 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 4- Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։ 5- Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ 6- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։ 7- Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։ 8- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ 9- Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։ 10- Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 11- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ 12Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են