Материалы

Հուլիսի 24 † ԲՁ. Կիր. ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ)

Իմաստութիւն Սողոմոնի 7.25-8.4։ ԶԱՔԱՐԻԱ 14.16-21։ Ա Յովհաննէս 1.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-17.13։

Իմաստութիւն Սողոմոնի

25Նա Աստծու զօրութեան ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, եւ դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնւում նրան։ 26Նա մշտնջենաւոր լոյսի նշոյլ է, Աստծու ներգործութեան անարատ հայելինեւ նրա վեհութեան պատկերը։ 27Նա մի է, բայց ամենակարող. նա ինքնակայ է, բայց նորոգում է ամէն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մէջ եւ պատրաստում Աստծու բարեկամներ եւ մարգարէներ։ 28Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից։ 29Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից, 30որովհետեւ լոյսը փոխւում է գիշերի, մինչդեռ իմաստութեանը չի կարող յաղթել չարութիւնը։
8 Օգտակար առողջութեամբ տարածուելով ծագից ծագ, իմաստութիւնը քաղցրութեամբ բուժում է բոլորին։ 2Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից,խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար,եւ ցանկացայ նրա գեղեցկութիւնը։ 3Փառաւոր է նրա ազնուական ծագումը, քանզի նա կեանքի հաղորդութիւն ունի Աստծու հետ, եւ բոլորի Տէրը սիրեց այն։ 4Նա խորհրդակից է Աստծու իմաստութեանը եւ ինքն էլ տենչում է նրա գեղեցկութիւնը։

ԶԱՔԱՐԻԱ

16Բոլոր նրանք, ովքեր մնացած կը լինենԵրուսաղէմի դէմ պատերազմած ազգերից,ամէն տարի պիտի գան երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը,պիտի գան Տաղաւարահարաց տօնը տօնելու։ 17Եւ եթէ լինի այնպէս,որ երկրի ազգերից որեւէ մէկը չգնայ Երուսաղէմ՝երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը,ապա նա եւս պիտի գնայ։ 18Եթէ եգիպտացիների ազգատոհմը նոյնպէս չգնայ,ապա նրանց եւս հասնելու է այն նոյն հարուածը,որը պիտի հասնի բոլոր այն ազգերին,որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու։ 19Սա՛ պիտի լինի եգիպտացիների պատիժըեւ պարտքն այն բոլոր ազգերի,որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու։ 20Այն օրը նոյնիսկ ձիերի սանձերի վրայ գրուած պիտի լինի՝«Սրբութիւն՝ նուիրուած Տիրոջը»։Տիրոջ տան կաթսաները պիտի լինեն ինչպէս զոհասեղանի առջեւի տաշտերը, 21եւ Երուսաղէմում ու Յուդայի երկրում ամէն մի կաթսայնուիրուած պիտի լինի Ամենակալ Տիրոջը։Բոլոր նրանք, ովքեր զոհ կը բերեն ընծայելու,պիտի վերցնեն այդ կաթսաներից՝դրանց մէջ միսը եփելու համար.եւ այն օրը, Զօրութիւնների Տիրոջ տանը այլեւս չի լինի ոչ մի քանանացի։

Ա Յովհաննէս

1 Խօսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։ 2Նա նոյն ինքը կեանք էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ։ 3Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք Նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ։ 4Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։ 5Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ։ 6Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում։ 7Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

13Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»։ 14Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ 15Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ 16Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է։ 17Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն։ 18Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»։ 19Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը։ 20Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի։ 21Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»։ 22Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»։ 23Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից. 24որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն։ 25Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի։ Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ. 26քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի։ 27Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»։
17 Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ 2եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը։ 3Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ։ 4Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»։ 5Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»։ 6Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան։ 7Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»։ 8Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան։ 9Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»։ 10Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»։ 11Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ. 12բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»։ 13Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են