Материалы

Նոյեմբերի 15 Գշ. ԳՁ. Սրբոցն Անդրիանոսի եւ կնոջ նորա Անատօլայ, Թէոդորոսի եւ Ելեւթիւրոսի վկայիցն

Ողբ 3.22-56, Հռոմէացիներ 8.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1-4։

ՈՂԲ

22Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում։ 23Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր։ 24Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ։ 25Աստուած բարերար է նրանց հանդէպ,ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ, 26քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի։ 27Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը։ 28Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը։ 29Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ. 30իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կը կրի շատ նախատինքներ, 31բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի։ 32Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան. 33Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժելեւ նուաստացնել մարդու որդիներին։ 34Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, 35երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները, 36երբ դատարանում անիրաւում է մարդուն, « Տէրը չի՞ տեսնում։ 37Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց։Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝ 38«Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»։ 39Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։ 40Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը, 41մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները։ 42Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար։ 43Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. 44երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն. 45քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ։ 46Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ։ 47Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած։ 48Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին։ 49Իմ աչքերը լցուեցին արցունքով, 50բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը։ 51Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար։ 52Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին, 53իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ, 54գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»։ 55Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր, 56եւ դու լսեցիր իմ ձայնը։ Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ։

Հռոմէացիներ

18Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ. 19որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, 20քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) 21այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար. 22քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. 23եւ ոչ միայն այսչափ. այլ եւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը. 24որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ. 25իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն՝ համբերութեամբ սպասում ենք դրան։ 26Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։ 27Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխօսում սրբերի համար։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

16 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ 2Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ 3Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ 4Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են