Материалы

Սեպտեմբերի 13 Գշ. ԳԿ. Տօն է Ս. Եկեղեցւոյ

Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Բարուք

36Նայի՛ր դէպի արեւելք, ո՛վ Երուսաղէմ, եւ տե՛ս Աստծուց քեզ եկած ուրախութիւնը։ 37Ահա գալիս են քո որդիները, որոնց ճանապարհ էիր դրել, գալիս են՝ Սրբի խօսքով հաւաքուած արեւելքից մինչեւ արեւմուտք, ուրախացած Աստծու փառքով։
5 Ո՛վ Երուսաղէմ, հանի՛ր քո սգի ու լլկանքի զգեստը եւ յաւիտեա՛ն հագիր Աստծու փառքն ու վայելչութիւնը, 2ա՛ռ քո վրայ Աստծու արդարութեան վերարկուն եւ դի՛ր գլխիդ յաւիտենական Տիրոջ փառքի խոյրը, 3որպէսզի Աստուած երկնքի ներքոյ ցոյց տայ քո ամբողջ պայծառութիւնը։ 4Աստծու կողմից քո անունը յաւիտեան կը կոչուի խաղաղութիւն, արդարութիւն եւ աստուածպաշտութեան փառք։ 5Ելի՛ր, Երուսաղէ՛մ, կանգնի՛ր բարձունքի վրայ, նայի՛ր դէպի արեւելք ու տե՛ս Սրբի խօսքով արեւելքից մինչեւ արեւմուտք հաւաքուած քո որդիներին, որոնք ուրախացել են Աստծուց յիշուած լինելու համար։ 6Նրանք քեզնից հեռացան հետիոտն, թշնամիներից քշուած, բայց Աստուած նրանց քեզ մօտ է բերում փառքով, ինչպէս թագաւորական գահ բարձրացածների։ 7Արդարեւ, Աստուած հրաման է արձակել, որ բոլոր բարձր լեռները,յաւերժական բլուրները խոնարհուեն, ձորերը լցուեն, որպէսզի երկիրը հարթուի, Իսրայէլն Աստծու փառքով ապահով քայլի, 8իսկ բոլոր անտառները եւ ամէն մի անուշաբոյր ծառ Աստծու հրամանով հովանի լինեն Իսրայէլին։ 9Աստուած պիտի առաջնորդի Իսրայէլին ուրախութեամբ,իր փառքի լոյսով՝ իր ողորմութեամբ ու արդարութեամբ հանդերձ։

Եբրայեցիներ

3 Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, որ մասնակից էք երկնաւոր կոչմանը, նայեցէ՛ք Յիսուս Քրիստոսին, որին Աստուած ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հաւատի, որ խոստովանում ենք մենք. 2նա հաւատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտօնին, ինչպէս որ Մովսէսն էլ հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ. 3որովհետեւ նա առաւել փառքի արժանի եղաւ, քան Մովսէսը, ինչպէս որ տունը կառուցողն աւելի պատիւ ունի, քան տունը. 4արդարեւ, ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է։ 5Մովսէսը հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ որպէս ծառայ՝ վկայելու համար ասուելիք խօսքերը. 6իսկ Քրիստոս իբրեւ որդի՝ նրա տան վրայ։ Նրա տունը մենք իսկ ենք, միայն թէ վստահութիւնը եւ յոյսի պարծանքը մինչեւ վերջ հաստատ պահենք։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

12Սրանից յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ իր մօր եւ իր եղբայրների հետ. եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր։ 13Հրեաների զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ։ 14Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին։ 15Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց։ 16Իսկ աղաւնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր Տունը վաճառատան մի՛ վերածէք»։ 17Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո Տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»։ 18Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կը տաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»։ 19Պատասխանեց նրանց Յիսուս եւ ասաց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կը վերականգնեմ»։ 20Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երե՞ք օրում այն վերականգնում ես»։ 21Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում։ 22Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են