Материалы

Օգոստոսի 11 Եշ. ԳՁ. Դ օր Աստուածածնի պահոց

Ա Կորնթացիներ  15.34‐49։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 3.20‐30։

Ա Կորնթացիներ

34Սթափուեցէ՛ք արդար մարդկանց նման եւ մեղք մի՛ գործէք. որովհետեւ ոմանք չունեն Աստծու ճանաչումը։ Յամօթ ձեզ եմ ասում այս։ 35Բայց մէկը կ՚ասի՝ ինչպէ՞ս են յարութիւն առնում մեռելները. կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան։ 36Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանայ, եթէ չմեռնի։ 37Եւ ինչ որ սերմանում ես, սերմանուածը այն նոյն մարմինը չէ, որ ծնուելու է, այլ՝ մի մերկ հատիկ, լինի ցորենի թէ այլ սերմերի։ 38Եւ Աստուած նրան մարմին է տալիս, ինչպէս որ կամենում է. եւ սերմերից իւրաքանչիւրին՝ իր մարմինը։ 39Ամէն մարմին նոյն մարմինը չէ. այլ է մարմինը մարդկանց եւ այլ է մարմինը անասունների, այլ է մարմինը թռչունների եւ այլ է մարմինը ձկների։ 40Կան նաեւ երկնաւոր մարմիններ եւ երկրաւոր մարմիններ. բայց այլ է փառքը երկնաւորների եւ այլ է փառքը երկրաւորների, 41այլ է փառքը արեգակի, այլ է փառքը լուսնի եւ այլ է փառքը աստղերի. եւ մի աստղ փառքով առաւել է, քան մի ուրիշ աստղ։ 42Այսպէս է նաեւ մեռելների յարութիւնը. սերմանւում է ապականութեամբ եւ յարութիւն է առնում առանց ապականութեան. 43սերմանւում է անարգութեամբ եւ յարութիւն է առնում փառքով. սերմանւում է տկարութեամբ եւ յարութիւն է առնում զօրութեամբ. 44սերմանւում է շնչաւոր մարմին եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. եթէ կայ շնչաւոր մարմին, կայ եւ՝ հոգեւոր։ 45Այսպէս էլ գրուած է. «Առաջին մարդը՝ Ադամը, եղաւ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ կենդանարար հոգի»։ 46Բայց ոչ նախ հոգեւորը, այլ՝ շնչաւորը եւ ապա՝ հոգեւորը։ 47Առաջին մարդը՝ երկրից, հողեղէն, իսկ երկրորդ մարդը՝ Տէրը՝ երկնքից։ 48Ինչպէս հողեղէնն է, նոյնպէս եւ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորը, նոյնպէս եւ՝ երկնաւորները։ 49Եւ ինչպէս որ կրեցինք հողեղէնի պատկերը, նոյնպէս եւ պիտի կրենք երկնաւորի պատկերը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

20Նրանք տուն վերադարձան. եւ ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան։ 21Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է։ 22Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին։ 23Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։ 24Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ։ 25Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ 26Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ եւ բաժանուած լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է։ 27Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուի. 29բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»։ 30Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են