Материалы

Մայիսի 11 Շբ. ԱԿ. ԽԲ. օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.35-19.28։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 22.30-23.11։ Ա Յովհաննէս 5.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 11.55-12.11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 20.17-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.32-45։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

35Եւ երբ նա մօտենում էր Երիքովին, ճանապարհի վրայ նստել էր մի կոյր մուրացկան։ 36Երբ սա լսեց, որ ժողովուրդը անցնում է, հարցրեց, թէ՝ այդ ի՞նչ է։ 37Եւ նրան պատմեցին, թէ անցնում է Յիսուս Նազովրեցին։ 38Նա աղաղակեց եւ ասաց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 39Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 40Յիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մօտ բերել նրան. եւ երբ կոյրը մօտեցաւ, նրան հարցրեց եւ ասաց. 41«Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»։ Եւ սա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»։ 42Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր. քո հաւատը քեզ փրկեց»։ 43Եւ իսկոյն կոյրը տեսաւ. գնում էր Յիսուսի յետեւից եւ փառք էր տալիս Աստծուն։ Եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով այս՝ Աստծուն գոհութիւն էր տալիս։
19 Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր։ 2Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր։ 4Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու։ 5Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»։ 6Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ։ 7Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու։ 8Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»։ 9Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, 10որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին»։ 11Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծու արքայութիւնը շուտով յայտնուելու է։ 12Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար։ 13Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»։ 14Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»։ 15Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել։ 16Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»։ 17Եւ տէրը նրան ասաց. «Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»։ 18Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»։ 19Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»։ 20Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»։ 22Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել։ 23Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»։ 24Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի»։ 25Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»։ 26- Ասում եմ ձեզ, թէ՝ «Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի։ 27Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»։ 28Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

 32 Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետեւից էին գնում, զարմացած էին ու վախենում էին: Եւ նա նորից վերցնելով Տասներկուսին՝ առանձին, սկսեց ասել նրանց, թէ ինչ բաներ պիտի պատահեն իրեն: 30Եւ իսկոյն նրանից հեռացան նրանք, որ նրան պիտի ծեծէին։ Ինքը հազարապետն էլ վախեցաւ, երբ իմացաւ, թէ հռոմէացի է, մանաւանդ որ նրան կապանքի տակ էլ էր առել։ 31Յաջորդ առաւօտ հազարապետը ուզելով ճշմարիտն իմանալ, թէ հրեաների ամբաստանութիւնն ինչ է, կապերից արձակեց Պօղոսին եւ հրամայեց կանչել քահանայապետներին ու ամբողջ ատեանը եւ, Պօղոսին իջեցնելով, կանգնեցրեց նրանց մէջ։
23 Պօղոսը հայեացքն ուղղելով ատեանին՝ ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտութեամբ եմ կեանք վարել Աստծու առաջ մինչեւ այսօր»։ 2Անանիա քահանայապետը հրամայեց սպասաւորներին, որ խփեն նրա բերանին։ 3Այն ժամանակ Պօղոսը նրան ասաց. «Աստուած է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. եւ դու նստում ես, որ օրէնքի համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրէնքից դուրս ինձ հարուածեն»։ 4Շուրջը կանգնողներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես հայհոյում»։ 5Եւ Պօղոսն ասաց. «Չգիտէի, եղբայրնե՛ր, որ քահանայապետ է, քանի որ գրուած է՝ քո ժողովրդի իշխանին չպիտի հայհոյես»։ 6Երբ Պօղոսն իմացաւ, որ ատեանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ միւսում՝ փարիսեցիները, աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու որդի փարիսեցու. այժմ ես դատւում եմ նաեւ մեռելների յարութեան յոյսի համար»։ 7Եւ երբ այս ասաց, փարիսեցիների եւ սադուկեցիների միջեւ ճեղքուածք առաջ եկաւ, եւ բազմութիւնը պառակտուեց, 8որովհետեւ սադուկեցիներն ասում էին՝ յարութիւն չկայ. ո՛չ էլ հրեշտակ եւ ո՛չ Հոգի. իսկ փարիսեցիները ընդունում էին երկուսն էլ։ 9Եւ մեծ աղմուկ եղաւ. փարիսեցիների կողմից օրէնուսոյցներից ոմանք ոտքի ելան եւ հակառակում էին՝ ասելով. «Այս մարդու մէջ ոչ մի չարութիւն չենք գտնում, այլ թերեւս նրա հետ Հոգի կամ մի հրեշտակ խօսած լինի»։ 10Եւ երբ խռովութիւնը սաստկացաւ, հազարապետը, վախենալով, որ գուցէ նրանք Պօղոսին պատառ-պատառ կ՚անեն, զինուորներին հրամայեց իջնել եւ նրանց միջից նրան վերցնել ու տանել զօրանոց։ 11Յաջորդ օրուայ գիշերը Տէրը կանգնեց նրա մօտ ու ասաց. «Քաջալերուի՛ր, Պօղո՛ս, որովհետեւ, ինչպէս ինձ համար վկայեցիր Երուսաղէմում, նոյն ձեւով պէտք է, որ դու Հռոմում եւս վկայես»։

Ա Յովհաննէս

5 Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ տուողին, սիրում է նաեւ նրանից ծնուածին։ 2Սրանո՛վ ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծու Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատուիրանները. 3քանզի ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները։ 4Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին։ Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը։ 5Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին։ 6Սա է, որ եկաւ ջրով, Հոգով եւ արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլեւ արեամբ եւ ջրով։ 7Եւ Հոգին է, որ վկայում է, որովհետեւ հէնց Հոգին է ճշմարտութիւնը։ 8Սրանք երեքը միասին են վկայում՝ Հոգին, ջուրը եւ արիւնը. եւ երեքը վկայութեան մէջ մէ՛կ են։ 9Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծու վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է։ Ա՛յս է Աստծու վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար։ 10Ով հաւատում է Աստծու Որդուն, նա իր մէ՛ջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում ա՛յն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար։ 11Եւ ա՛յս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ՝ այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է։ 12Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

55Եւ հրեաների զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն։ 56Յիսուսին փնտռում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»։ Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն։
12 Իսկ Յիսուս զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել։ 2Եւ այնտեղ նրան ընթրիք տուին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր։ 3Իսկ Մարիամը մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով։ 4Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. 5«Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանի եւ չտրուեց աղքատներին»։ 6Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում։ 7Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ։ 8Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք։ Ինձ միշտ ձեզ հետ չունէք»։ 9Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ միայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել։ 10Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, 11քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

17Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. 18«Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն 19ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ 20Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում։ 21Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»։ 22Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»։ Նրան ասացին՝ կարող ենք։ 23Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»։ 24Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ։ 25Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ։ 26Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. 27եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. 28ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

32 Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետեւից էին գնում, զարմացած էին ու վախենում էին: Եւ նա նորից վերցնելով Տասներկուսին՝ առանձին, սկսեց ասել նրանց, թէ ինչ բաներ պիտի պատահեն իրեն: 33 «Ահա ելնում ենք Երուսաղէմ. եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին, եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու հեթանոսներին պիտի յանձնեն. 34 նրան պիտի ծաղրեն. նրան պիտի ծեծեն ու նրա վրայ պիտի թքեն. եւ պիտի սպանեն. եւ երրորդ օրը նա յարութիւն պիտի առնի»:

35 Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»: 36 Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»: 37 Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս՝ քո աջում եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»: 38 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: 39 Եւ նրանք ասացին նրան. «Կարող ենք»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կը խմէք, եւ այն մկրտութիւնը, որով ես մկրտուելու եմ, նրանով կը մկրտուէք, 40 բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»: 41 Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ: 42 Յիսուս նրանց իր մօտ կանչեց եւ ասաց. «Գիտէք, որ հեթանոսների մէջ իշխանաւորներ համարուածները տիրում են նրանց. եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրայ. 43 ձեր մէջ այդպէս չպէտք է լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, թող լինի ձեր սպասաւորը. 44 եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի. 45 որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են